Alernative лого
Start лого
Южнокавказская
интеграция:
Альтернативный
старт
Луиза Погосян в Текали

ЧЕКИСТЫ И БЕЗУСЛОВНАЯ ЛЮБОВЬ

Ниже представлена заметка Луизы Погосян, в которой упоминается отрывок из интервью Мадлен Олбрайт, о президенте РФ Путине и поведении современной России на международной арене. По мнению Олбрайт, Путин применяет метод «провоцируй – потом чувствуй себя оскорбленным», чтобы выиграть партию, в которой у него плохие карты. Автор заметки предполагает, что в отличие от Путина, у армян, у сообщества всех армян, уже около ста лет (как пришли большевики) нет на руках ни одной карты. Армяне применяют метод «провоцируй – потом чувствуй себя оскорбленным» и хотят представить этот метод как свою карту в игре с внешним миром. Это у них не получается, и люди гибнут зря. Но за долгие годы армянам удалось превратить вышеназванный метод в армянскую культуру.

Далее описывается общественно-политическая пирамида армян. И вносится предложение, что если пока невозможно делать это в день 24 апреля, то хотя ночь с 23 по 24 апреля объявить днем безусловной любви армян. И в эту ночь, каждый армянин в ущерб своему сну может написать все, что ему вздумается, не давая по этому поводу никаких объяснений, ни тем, кто рядом, ни тем, кто наверху. К заметке прилагаются две объяснительные записки. Первая о том, как случилось, что автор написал эту заметку. Далее автор объясняет также как он пришел к выводу о том, что любимое занятие чекистов - заставлять писать объяснительные, и поэтому решил сделать это добровольно и заранее. Вторая объяснительная записка касается эпиграфа первой объяснительной записки.

Теги: Текалинский процесс, Георгий Ванян, Ваге Аветян, Сеймур Байджан, Левон Тер-Петросян, Путин, Серж Саргсян, армяне, армянский народ, чекистская зараза.

26-04-2016

ՉԵԿԻՍՏՆԵՐՆ ՈՒ ՍԵՐՆ ԱՆՎԵՐԱՊԱՀ
(SECRET POLICE AND UNCONDITIONAL LOVE)

Նվիրվում է հայերին

Տարբեր մարդիկ ինձ հարցրել են ու ինքս ինձ էլ եմ հարց տվել, երբ ասում կամ լսում ենք չեկիստ/կգբշնիկ, ի՞նչ նկատի ունենք և ի՞նչ ենք հասկանում:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Die Presse պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ մասնավորապես բնութագրել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես KGB officer, և բացատրել, որ դա նշանկում է, որ Պուտինը նախագահելու փոխարեն ուզում է ամեն ինչ վերահսկել և հավատում է, որ բոլորը դավեր են նյութում ՌԴ դեմ: Հետո Օլբրայթը, իմ կարծիքով, տրամաբանորեն եզրակացնում է, որ հենց դրանով է պայմանավորված Պուտինի՝ վատ խաղաքարտերով լավ խաղալու ունակությունը (Putin had bad cards, but he played with them well.), ավելացնելով՝ at least, for a short-term period: Պարզ է, որ վատ խաղաքարտերով անվերջ չես կարող լավ խաղալ: Պուտինը մի կողմ: Բա մենք հիմա ազգովի ի՞նչ անենք, որ արտաքին խաղերում նույնիսկ վատ խաղաքարտ էլ չունենք: Միակ բանը, որ ունենք սովետական կարգերն հաստատելուց առ այսօր ԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆ է. «սադրել, հետո վիրավորված զգալ» (to provoke and then to feel insulted), որն էլ հիմա նաև որպես կարճաժամկետ կիրառման հնարք օգտագործում է Պուտինը:

Հայ մտքի, «հայեցիության» առաձնահատկությունն էլ այն է, որ ուզում ենք կարճաժամկետը դարձնել հավերժ, մեթոդն էլ՝ խաղաքարտ և մշակույթ: Կարճաժամկետ հնարքը խաղաքարտ չի դառնում, իզուր մարդիկ են զոհվում, բայց մշակույթ դարձել է:

Մեր հասարակական-քաղաքական բուրգի գագաթը մշուշոտ է և չգիտենք ո՞վ է այնտեղ. մեկ Սերժի, մեկ Պուտինի, մեկ через Պուտին Օբամայի, կամ էլ ուրիշ մեկի նշմարումներն են լինում: Գագաթից ներքև երևան են գալիս ասիչները, ավելի տեսանելի են խոսիչները, որոնք առաջին ձեռք լինելով, միաժամանակ ասիչն են մյուս խոսիչների, որոնք բազմաթիվ են ու ասիչ չեն, շատ-շատ խմբագրիչ են: Բուրգի ամենաներքևում էլ մնացածն են, մենք ենք՝ լռիչները: Կարգավիճակով լռիչ լինելով, լռելու համար կամ պիտի տրանսցենդենտալ մեդիտացիա անես կամ մեկ-մեկ խոսես, աննպատակ: Բայց հենց սկսում ես խոսել, հարցնում են. Էդ խոսում ես, որ ի՞նչ անես: Ու ավելի հաճախ կողքից են հարցնում, ոչ թե վերևից: Մշակույթ է: Մշակույթը վարակիչ է: Ու ինքդ էլ չես հասկանում արդեն ինչ է կատարվում՝ սադրում են ու վիրավորում, սադրում ես ու վիրավորում, թե քեզ են սադրում, որ դու վիրավորվես, թե սադրում են՝ ասելով, որ դու ես սադրում, որ քեզ վիրավորեն:

Ու սկսում ես ինքդ քո մեջ ասիչ, խոսիչ ու լռիչ ստեղծել: Ուղղակի վարակ է: Հիմա կլինի՞, որ Ապրիլի 24-ը կոչենք համահայկական անվերապահ սիրո օր: Կողքից ասում եք՝ չի լինի, այդ օրը զբաղեցված է, դեռ սադրել-վիրավորվելու տեղ ունենք: Դե ուրեմն գոնե 24-ի լույս գիշերը դարձնենք համահայկական անվերապահ սիրո գիշեր ու թող բոլոր հայերը չքնեն, իրենց աննպատակ խոսքը գրի առնեն:


Հավելված 1. ԲԱՑԱՏՐԱԳԻՐ վերոնշյալ գրառման վերաբերյալ
- Ստորանում եմ, տղա ջան։ Շատ եմ ստորանում։ Մուրացկան եմ փաստորեն օր ծերության, բայց տանիք ունեմ ու հանապազօրյա հաց, անգամ գրպանի ծախսի դրամ եմ ստանում, ուղարկում եմ մերոնց։ Շատ եմ ստորանում, բալես։ Բայց ես սրանց ռայխստագն եմ ավիրել, եթե արդարացի էլ չէ, որ ստորացվում եմ, մխիթարվելու բան ունեմ։ Սրանք օտար են ինձ ու թշնամի են եղել, սրանց ստորացումը մի կերպ տանում եմ։ Մերոնցից ստորացումը չեմ տանում, տղա ջան, չեմ կարողանում տանել։ Մերոնցից ստորացումը չեմ տանում, տղա ջան: Վահե Ավետյան, «Անկախության Բանակ»
Գրառման մեջ տեղ գտած Մադլեն Օլբրայթի հարցազրույցի դրվագի մասին իմացել եմ երեկ, ապրիլի 22-ին, ինտերնետում Ռուսաստանի «Первый канал»-ի «Время покажет» ծրագրի տեսագրությունը դիտելիս: Ծրագրի մասնակիցները խիստ դատապարտեցին Մադլեն Օլբրայթի կարծիքն ու անձը, նշելով, որ այնուամենայնիվ, Օլբրայթը ստիպված է ընդունել, որ Պուտինը խելացի է (բոլոր հայերի ականջը կանչի):

Հոտային բիոռիթմիայի զարթուցիչս այս տարի էլ ապրիլին սկսեց զանգ տալ. «արթնացիր, գրելու ժամանակն է», բանի տեղ չդրեցի՝ հիշեցի Գեորգի Վանյանի պատմած վավերագրական առակն իր դասահոսի մասին, որն ի պատասխան Գեորգիի հարցին, թե ընկեր այսինչյան, իսկ Դուք Ստալինի ժամանակ ի՞նչ էիք անում, պատասխանի փոխարեն ասել է. «Տղա ջան, դու դժբախտություն մի փնտրիր, այն ինքը քեզ կգտնի»: Որոշեցի չգրել: Բայց հոտային իմ այս բիոռիթմիայի զարթուցիչը կատարելագործվածներից է, պարբերաբար զանգում է ու չի անջատվում մինչև իր առաջադրած թվաբանական խնդիրը չլուծես: Խնդիրն էլ բարդ է, քնաթաթախ չի լուծվում, ուզած չուզած արթնանում ես ու «մի բան» անելդ գալիս է:

Անցյալ տարի լավ էր. Քիմ Քարդաշյանը պիտի գար ու եկավ: Մի լավ լիցքաթափվեցի՝ փաստորեն մերոնք, որ ուզում են, կարող են մարդուն հարգանքով վերաբերվել: Միայն մի տղա համը հանեց՝ ուզեց Քիմի ձեռքին դիպչի, security-ին չթողեց, թե Քիմի ձեռքին դիպչեց ու security-ին չթողեց, որ շարունակի... ամեն դեպքում համը հանեց: Բայց մյուսները՝ պաշտոնի և/կամ հոգու բերումով մարդավարի Քիմին մոտեցան՝ հայերը մարդկություն դրսևվորեցին: Անցյալ տարի էլ զարթուցիչս զանգեց, բայց հեշտ անջատվեց՝ Քիմի գալ-գնալը լավ անցավ:

Բայց այս տարի «бери выше»՝ Մադլեն Օլբրայթն է իր հարցազրույցով: Հայերը չեն հիշատակվում, բայց Պուտին կա, ԿԳԲ կա և այդքանը բավարար է մտքիս ազատ թռիչքի համար: «Թռիչք» որ ասացի, մի բան կա այս բառի հետ կապված, բայց դա հաջորդ անգամ կասեմ (Լևոն Տեր-Պետրոսյանի ականջը կանչի):

«Լևոն Տեր-Պետրոսյան» որ գրեցի, հիշեցի ադրբեջանցի գրող Սեյմուր Բայջանին, որովհետև շատ ջղայնացա, երբ ինքը մի անգամ ասաց. «Левону Тер-Петросяну можно все простить, за то, что он харизматичный, посмотри, как он харизматично курит»: Լուրջ ջղայնացա ու ասացի. «Դու հո հայ չե՞ս, այ Սեյմուր», ինքն ել իմ ջղայնանալու վրա ծիծաղեց: Սեյմուրը մի բան էլ է ասել ու իր ասածը մտքումս հայերեն է հնչում. «Ազգի խաթրին կպնողը մահապարտ է՝ չեն ծեծի, չեն հետապնդի, չեն նստեցնի, կգյուլեն»:

Կյանքումս ինչ սովորել եմ, այլերից եմ սովորել, ադրբեջանցիներից, թուրքերից, ռուսներից, հրեաներից, գերմանացիներից, ամերիկացիներից, վրացիներից, ղազախներից և ֆրանսիացիներից՝ առկա և հեռակա ուսուցմամբ: Լինում է, մերոնք ճիշտ բաներ են ասում, բայց սովորելու բան չի դա, ազգիս հետ պրոբլեմ ունեմ, բայց... մի արասցե թե ազգիս խաթրին կպնեմ: Իմ ուսուցիչ ու վարժապետ այլերը սովորեցրել են նաև, որ մահապարտ լինելուց գարշելի բան չկա աշխարհիս երեսին:

Սադախլեցի մի մարդ կա իմ վարժապետերի ցանկում, սովորեցրել է ինձ հետևյալը՝ չեկիստների սիրած բանը՝ բացատրագիր կորզելն է: Վարժապետը՝ այս դեպքում Սադախլեցին, դա այն մարդն է, որ մի բան է սովորեցնում քեզ, բայց դու ուրիշ բան ես սովորում ու շատ դեպքերում փոքր ինչ ուշացումով:

Պատմեմ նաև իր այդ դասի բովանդակությունը: Սադախլեցին, հասարակական կազմակերպության ղեկավար ներկայանալով, Գեորգի Վանյանին հրավիրել էր հանդիպման, բառացիորեն «Թեքալիի մասին խոսելու»: Գեորգին համաձայնվեց հանդիպել, օր նշանակեց, սահմանն էլ որ անցանք, հանդիպման տեղն ու վայրը սադախլեցին հեռախոսով ասաց:

Չիմացողներին համառոտ բացատրեմ Թեքալյան գործընթացն ինչ է, որ պարզ լինի: Թեքալի գյուղում, որը Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետին ամենամոտ բնակավայրն է, 2011 թ. մարտ ամսից պարբերաբար կազմակերպվում են բաց քննարկումներ բոլոր ցանկացողների համար: Բաց քննարկում նշանակում է՝ հանդիպման օրն ու ժամը նախապես է հայտարարվում ու լինես դու մարդ, կապ չունի ինչ մարդ ես, ցանկացած զբաղմունքի ու կողմնորոշման, կարող ես գաս, լսես, խոսես, նկարես, գնաս՝ առանց բացատրելու, եթե չես ուզում բացատրել, թե ինչու ես եկել: Ու դրանով հանդերձ ինչ էլ ասելու լինես, ինչ էլ անելու լինես, Թեքալիում ոչ ոք քեզ չի ասի, թե աչքիդ վրա ունք կա, քո բոլոր գիտակցաբար թե անգիտակից ասված/արված ղալաթները վարկյանապես ներվում են ու չեզոքանում: Չէկիստությունը Թեքալյան գործընթացում դրսևվորման դաշտ չունի, չի աշխատում, որովհետև Թեքալյան գործընթացը Գեորգի Վանյանի տարածքն է: Այդ պատճառով մի բոլ չեկիստություն է ընթանում Թեքալյան գործընթացից դուրս: Պատկերավոր ասած՝ չեկիստները շուրջպար են բռնել: Այսօրվա դրությամբ երկու անավարտ իրավապաշտպանական գործ (case) կա բացված Հայաստանի և Վրաստանի իշխանությունների դեմ, Ադրբեջանն այս պարում «թույլ օղակ» է դարձէլ: Ադրբեջանում չեկիզմը տարածում չունի, իշխանությունը հասկանալի է գործում և այդ գործողություններում պատճառահետևանքային կապ կա:

Գեորգի Վանյանը հրապարակել է իր հեռախոսի համարները, հայաստանյան և վրացական, որպեսզի տարածաշրջանի սահմանամերձ գոտում ապրող մարդիկ կարողանան դիմել իրեն իրավապաշտպանական խնդիրներով և այդ պատճառով, երբ անծանոթ սադախլեցին առաջարկեց հանդիպել, Գեորգին գնաց հանդիպման, ես էլ իր հետ, պատահաբար:

Հանդիպման վայրը լցակայան էր, սադախլեցին դուրս եկավ լցակայանին կից խորտկարանից և մեզ ներս հրավիրեց: Մի 15-20 րոպե Գեորգին և սադախլեցին կովկասյան ոճով քննարկեցին մեր հանդիպման ձևաչափը՝ կերուխում ենք անում, թե մի գավաթ թեյ ենք խմում: Գեորգին հաղթեց: Մինչ թեյը կբերեին, դեսից-դենից խոսակցթյուն գնաց, հենց թեյը բերեցին, սադախլեցին անցավ բուն թեմային (հիշում եմ, այդ րոպեին մտածեցի՝ թեյը տեսավ, սկսեց շտապել, որ Գեորգիին երկրորդ գավաթի ծախսի տակ չգցի):

Սադախլեցին իր խնդիր/խնդրանք/առաջարկը շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ ձևակերպեց. իր ՀԿ-ն է միշտ մասնակցել Հայաստան-Վրաստան սահմանային գրանտերին և, եթե հիմա գումար կա, հատկապես ինչ որ բան կառուցելու, վերանորոգելու կամ գույք ձեռք բերելու, լավ կլինի այդ ծրագիրը իրականացվի Սադախլո գյուղում իր կազմակերպության մասնակցությամբ կամ էլ, եթե արդեն փոխադրումը հնարավոր չէ, իր ՀԿ-ն միակն է Մարնեուլիի գյուղերում և պատրաստ է Թեքալիում աշխատել: Ի պատասխան Գեորգին մի անհարմարության հասնող լռություն ստեղծեց: Սադախլեցին չդիմացավ. «Բայց ես Ձեզ ուզում եմ մի խորհուրդ տալ՝ անպայման բուկլետ տպեք ու էդ բուկլետում բացատրեք՝ ով եք, ինչ նպատակներ ունեք, ձեր դիրքորոշումը, նպատակները, էդ հանդիպումները կազմակերպում եք, որ ինչ անեք» (Սերժ Սարգսյանի ականջը կանչի): Գեորգին հարցրեց. «Էդ բուկլետը ինչո՞ւ է պետք: Տեղացի մարդիկ Թեքալիի մասին չգիտե՞ն»: Սադախլեցին ասաց. «Ո՞նց չգիտեն, գյուղերում խոսում են, իրար պատմում, որ Թեքալիում հայերը, վրացիները, ադրբեջանցիները հավաքվում են, քաղաքական հարցեր են քննարկում»: Գեորգին ասաց. «Շատ ճիշտ գիտեն, էլ էդ բուկլետը ինչի՞ է պետք» : Սադախլեցին ասաց. «Տարբեր սադրիչներ են գալիս, ստեր են խոսում, ժողովրդին մեղադրում, ժողովուրդը ո՞նց պատասխանի: Էդ բուկլետը որ լինի, թեկուզ անգլերեն, կտանք դրանց, թող գնան ուսումնասիրեն»: Թեյը հատեց, հանդիպումն ավարտվեց: Ճանապարհին, անպատասխան ժողովրդին անվերապահ սիրելով, ոգևորված խոսեցի Գեորգիի հետ, որ ախր ճիշտ ա ասում, պարտավոր ենք բուկլետ տպել, ու մեր մոտ էլ, Նոյեմբերյանի շրջանում էլ տարածենք, ֆոտոներով՝ հայերեն, ադրբեջաներեն, վրացերեն... Գեորգին լռությամբ պատասխանեց ... ես այդ լռությանը սովոր եմ և դեռ երկար մենախոսեցի բուկլետի ձևավորման և բովանդակության շուրջ: Մի առ ժամանակ դեռ բուկլետ սարքել-բաժանելը ֆռֆռում էր մտքումս, մեկ էլ հանկարծ հասկացա. չեկիստների սիրած բանը՝ բացատրագիր կորզելն է:

Տասը տարի չեկիզմով տոգորված հայկական դաշտից այնքան հոգնած, վարակված ու հերսոտած եմ, որ լավ կլիներ լռեի, բայց խոսում եմ: Իմ չեկիզմի ախտանշանն էլ ահավասիկ. որպես հավելված ներկայացվող սույն բացատրագիրը գրվել է նախապես, այսինքն սկբզից բագատրագիրն է գրվել, հետո նոր արարքն է արվել:


Հավելված 2. Բացատրագիր Հավելված 1-ի էպիգրաֆի վերաբերյալ

Այն է. « - Ստորանում եմ, տղա ջան։ Շատ եմ ստորանում։ Մուրացկան եմ փաստորեն օր ծերության, բայց տանիք ունեմ ու հանապազօրյա հաց, անգամ գրպանի ծախսի դրամ եմ ստանում, ուղարկում եմ մերոնց։ Շատ եմ ստորանում, բալես։ Բայց ես սրանց ռայխստագն եմ ավիրել, եթե արդարացի էլ չէ, որ ստորացվում եմ, մխիթարվելու բան ունեմ։ Սրանք օտար են ինձ ու թշնամի են եղել, սրանց ստորացումը մի կերպ տանում եմ։ Մերոնցից ստորացումը չեմ տանում, տղա ջան, չեմ կարողանում տանել։ Մերոնցից ստորացումը չեմ տանում, տղա ջան: Վահե Ավետյան, Անկախության Բանակ»

Հայ գրող Վահե Ավետյանի այս կերպարին կարեկցում էի և սիրում անվերապահ՝ կարդալուցս առաջին վարկյանից առ այսօր: Հիմա բացատրագիր գրելու ընթացքում տեսա, որ այս ծերուկն էլ չեկիստ-ախտ ունի: Ու դադարեցի սիրել, կարեկցել: Իրեն դա պետք չէ, ինձ էլ 10 տարի է վարակել է՝ հերիք եղավ: Հետո մի հարց ծագեց. Հիմա Վահե Ավետյանը իմ վարժապե՞տն է թե՞ ուսուցիչը: Ու պատասխանը գտա, ոչ չեկիստական. Գրողին դատ չի հասնում: Լուիզա Պողոսյան

Լուիզա Պողոսյան
Ապրիլ 23-24
SecoursCatholique лого  National Endowment for Democracy лого  Heinrich-Böll-Stiftung лого
Кавказский Центр Миротворческих Инициатив
 Tekali Mic лого  Turkish films festival лого
Текали карта
 Kultura Az лого  Epress.am лого   Kisafilm лого
© Ассоциация Текали - info@southcaucasus.com
 Гугарк Сеймура Байджана   Contact.az лого